«Գոյ» թատրոնի դերասանները հոկտեմբերի 7-ից նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց հիմնական պահանջն է՝ ԿԳՄՍ նախարարությունը միջանկյալ լուծում գտնի, որպեսզի թատրոնի աշխատանքները վերսկսվեն մինչև դատական գործի ավարտը։
Թատրոնի անձնակազմը օրերս հերթական ակցիան անցկացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի դիմաց։ Այսօր՝ ժամը 12:00-ին, նախատեսվում է ևս մեկ ակցիա՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի մոտ։
Նստացույցի պատճառը կառավարության որոշումն է՝ «Գոյ» թատրոնը միավորել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Սակայն «Գոյ» թատրոնի կոլեկտիվը դեմ է այդ միավորմանը, ցանկանալով պահպանել իրենց անկախությունը և ստեղծագործական ազատությունը։ Նրանք դատարանում վիճարկում են կառավարության որոշումը՝ փորձելով պահպանել իրենց գործունեության առանձին իրավունքը։