Երեկ՝ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Իմ ուղին» ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները:
Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի էջից։
- ՄԻՊ-ը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին
- ՄԻՊ-ը ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն
«Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների, ինչպես նաև շփվել ծառայություններից օգտվող երիտասարդների և երեխաների հետ: Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է առաջարկվող ծառայությունների շրջանակը, ծանոթացրել կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին:
Քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են կենտրոնի ծառայություններից օգտվող մարդիկ: Օրինակ՝ պայմանավորված կենտրոնի շահառուների ընտանեկան սոցիալական վիճակով՝ խոչընդոտներ են առաջանում հատկապես մարզերում բնակվող անձանց համար, ովքեր ֆինանսական խնդիրներով պայմանավորված ոչ միշտ են կարողանում օգտվել վերականգնողական ծառայություններից:
Ներկայացվել է, որ խնդիր կա նաև կենտրոնի հետագա գործունեության կայուն շարունակականության ապահովման հետ կապված, քանի որ հիմնական ֆինանսավորումն ապահովվում է բարերարների աջակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի շահառուների ծնողներին ու անձնվեր աշխատակազմին՝ մասնագիտական բարձրորակ ծառայությունները կազմակերպելու և սեփական մասնագիտական զարգացման միջոցով աուտիզմ ունեցող յուրաքանչյուր անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա զարգացման հնարավորություն ապահովելու համար։
Պաշտպանը հաշվառել է կենտրոնի առաջնահերթ անհրաժեշտության խնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակադրմամբ», – ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ: