fbpx
Իրավական

ՄԻԵԴ-ը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի սպանության և հետագայում ադրբեջանցի սպայի արտահանձնման ու պատժից կրումից ազատ արձակելու գործով վճիռը:

ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը, ինչպես նաև 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելքը։

Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով վճռում ասվում է, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։

«Այնուամենայնիվ, պարզվեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկատարելու համար որևէ հիմնավորում չի եղել՝ նրան անպատժելի թողնելով ատելության լուրջ հանցագործության համար», – նշված է ՄԻԵԴ-ի վճռում։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին՝ Մարգարյանի ծառայակից Մակուչյանին և մորեղբայր Մինասյանին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար: Դիմումատուները գումարային փոխհատուցում չեն պահանջել, իսկ նշված գումարը դատական ծախսերն են՝ հայ ու բրիտանացի փաստաբանների վճարը:

ՄԻԵԴ-ն արձանագրե է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատելով հայ սպային Հունգարիայում սպանած և արտահանձնված Ռամիլ Սաֆարովին:

«Մուկուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործը վերաբերում էր դատապարտված մարդասպանին տրված նախագահական ներումին և նրա ազատ արձակմանը՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց հետո՝ պատժի մնացած մասը կրելու համար: 2004 թվականին ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը սպանեց հայ զինծառայողին և փորձեց սպանել ևս մեկին, երբ Հունգարիայում նրանք մասնակցում էին վերապատրաստման դասընթացների։

Գործը նաև վերաբերում է այն փաստին, որ Ադրբեջան արտահանձնումից հետո Ռամիլ Սաֆարովին դիմավորել են որպես հերոսի։ Դատարանը գտավ՝ չնայած որ Ադրբեջանը հստակորեն հավանություն էր տվել Սաֆարովի գործողություններին՝ ոչ միայն նրան ազատ արձակելով, այլև նրան խրախուսելով՝ վճարելով չվճարված աշխատավարձը և նրա վերադարձից հետո բնակարան նվիրելով, այդուամենայնիվ, Ադրբեջանը չի կարող պատասխանատվություն կրել միջազգային օրենքի խստագույն չափանիշների համաձայն, որով պահանջվում է, որ պետությունը «ճանաչի» այդ գործողությունները «իբրև իր գործողություններ»: Ավելին, այդ գործողությունները եղել են մասնավոր որոշման մի մաս և եղել են այնպիսի աղաղակող բռնարարքներ և այդքան հեռու զինծառայողի պաշտոնական կարգավիճակից, որ Դատարանը չկարողացավ տեսնել, թե ինչպես կարող էին նրա հրամանատարները կանխատեսել, կամ ինչպես կարող էր Ադրբեջանը պատասխանատու լինել դրանց համար պարզապես այն պատճառով, որ նա պետական ծառայող էր:

Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը գտավ, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկատարելու և գործնականում նրան՝ ատելության լուրջ հանցագործության համար անպատժելիություն շնորհելու համար որևէ հիմնավորում չի եղել: Ավելին, դիմումատուները տրամադրել էին բավարար ապացույցներ, որպեսզի ցույց տան, որ Ռ.Ս.-ի ներումը և նրա շնորհված այլ միջոցներ ընտրվել են էթնիկ դրդապատճառներով, այն է՝ նրա վարքագծին աջակցող բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, մասնավորապես, այն փաստը, որ հանցանքը ուղղված է եղել ընդդեմ հայ զինվորների, ինչպես նաև Սաֆարովին նվիրված հատուկ էջը Ադրբեջանի նախագահի կայքում:

Գրում է Azatutyun-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ