Հայաստանի հավաքականի մարմնամարզիկներ Արթուր և Վահագն Դավթյանները կարողացել են հաղթող դառնալ աշխարհի գավաթի այս տարվա խաղարկության ամփոփիչ աղյուսակներում՝ առանձին վարժություններից։
Արթուր Դավթյանը հաղթել է հենացատկում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակներում։
Մեկ տարվա ընթացքում անցկացվում է շարքի 4 մրցաշար, որոնցից 3-ին մեր մարզիկները մասնակցել են։ Իսկ ապրիլի 1-ից 3-ը Բաքվում անցկացվող մրցաշարը հայ մարմնամարզիկները բաց են թողել։
Արթուրը 3 մրցաշարերի արդյունքներով վաստակել է 90 միավոր, իսկ Վահագնը` 85։
Նշենք, որ Արթուր Դավթյանն իր հաղթանակը ապահովել էր ժամանակից շուտ, քանի որ վստահորեն հաղթել էր Կոտբուսում, Դոհայում և Կահիրեում կայացած մրցաշարերի հենացատկ վարժությունում։
Այս ամենի արդյունքում մարզիկները պարգևատրվել են 5 հազարական շվեյցարական ֆրանկով և իրավունք են ստացել հաղթած վարժություններից մասնակցել Աշխարհի առաջնությանը։