Կառավարության այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստում որոշում կայացվեց ընդլայնել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաև հետեւյալ ոլորտների աշխատողները.
– Հագուստի արտադրություն.
– կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
– կահույքի արտադրություն.
– թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
– ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
– օդային տրանսպորտի գործունեություն.
– կինոթատրոնների գործունեություն.
– Լուսանկարչության բնագավառում գործունեություն.
– ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
-կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
– ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
– լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,
– պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):
Նշենք, որ դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
Աջակցությունը տրամադրվում է միանվագ։
Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։
Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։
Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով. «Մինչ այժմ հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է 54, 9 մլրդ դրամ, շահառուների տնտեսվարողների թիվը 22 հազար, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների թիվը՝ 775 հազար»: