fbpx
Կառավարություն

Հակոբ Արշակյանի տեղակալը հանդիպումներ է ունեցել Իրաքում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը աշխատանքային այցով Բաղդադում էր: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարներ։

Այցի շրջանակներում նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Իրաքի կապի և տեղեկատվության նախարար Ալի ալ-Խուիլդիի հետ և փոխնախարարի հետ: Նախարարի տեղակալը իրաքյան կողմին ներկայացրել է հայկական գիտական ներուժը և հաջողված փորձը բարձր տեխնոլոգիական կրթության ոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել: Գեղամ Վարդանյանը նախարարին հրավիրել է մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին:

Երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտը համակարգող գերատեսչությունների կողմից կազմակերպված բիզնես ֆորումի շրջանակներում Իրաքի գործարարներին հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են հայկական ընկերությունների հաջողված փորձը, գիտելիքները, գրանցած հաջողությունները, այլ երկրներում ծավալած գործունեությունը: Կողմերը ընդգծել են, որ կա երկկողմ համագործակցության մեծ ներուժ, որը պետք է օգտագործել՝ ի շահ երկու երկրների բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման:

Գեղամ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Իրաքի բարձրագույն կրթության և լուսավորության նախարարի տեղակալ դոկտոր Սալամ Խոշնաուի, Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ դոկտոր Հազեմ Աբդելռզակ ալ-Ջումայլիի հետ, որին ներկայացվել են Հայաստանում բժշկության ոլորտի թվայնացման գործում ունեցած հաջողությունները և հայկական կազմակերպությունների լուծումները:

Նախարարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ փոխգործակցությունը հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Իրաքի պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հունիսի 19-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել են Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ հանդիպումներ են ունեցել փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, կապի, կրթության և լուսավորության, առողջապահության ոլորտները համակարգող նախարարների հետ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում, նորաստեղծ նախարարության ուղղություններն ու առաջիկա ծրագրերը: Գեղամ Վարդանյանն ընդգծել է հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը՝ սկսած դեռևս խորհրդային տարիներից աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի, արհեստական բանականության, ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում։ Անդրադարձ է եղել ստարտափների գործունեության, թվային օրակարգի ձևավորման, տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին։

Քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնմանը և զարգացմանը առնչվող մի շարք հարցեր:

Գեղամ Վարդանյանը փոխվարչապետ Թալաբանիին է փոխանցել Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT-2019») հրավերը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ