«Մտավոր սեփականության ոլորտի կարևորությունը երկրի տնտեսությունում հեղափոխություն կատարելու գործում» խորագրի ներքո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր բացվել է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողով: Համաժողովին ներկա է գտնվել և ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Իր ելույթում նախարարը մասնավորապես նշել է.
«Չենք պատրաստվում հետևել որևէ մեկի փորձին, պատրաստվում ենք լինել նորարար, ստեղծագործել ապագայի համար, ստեղծել տեխնոլոգիաներ, արվեստի գլուխգործոցներ, ստեղծել և ստեղծագործել համամարդակային արժեքների շրջանակներում:
Հայերը բազմիցս ապացուցել են, որ կարող են ստեղծագործել ապագայում, լինել սովորեցնողի, առաջնորդի դերում»:
Նախարարը հատկապես ընդգծել է ինտելեկտուալ սեփականության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտում:
«Լինելով ստեղծագործ և ստեղծագործելով ապագայի համար՝ մենք միշտ կարիք ենք ունենալու պաշտպանել ինտելեկտուալ սեփականությունը: Մենք պետք է աշխարհի հետ կարողանանք խոսել համահունչ, կարողանանք պաշտպանողական և զարգացման մեխանիզմներ ստեղծել ոչ միայն Հայաստանում ստեղծվող ինտելեկտուալ սեփականության համար, այլ նաև աշխարհում ստեղծված ինտելեկտուալ սեփականության պաշտպանությունը զարգացնենք Հայաստանում, որպեսզի ճիշտ գործընկերական մթնոլորտում աշխատենք մեր գործընկերների հետ»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Նախարարը նշել է նաև, որ Հայաստանի օրենսդրությունը զարգացած չէ այդ առումով, այդ հարցում կարևորել ԱԺ պատգամավորների պատրաստակամությունը նախարարության հետ համագործակցության տեսանկյունից: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ ստեղծվել է խորհրդակցական խումբ, որը պետք է վեր հանի օրենսդրական ոլորտում առկա խնդիրները, աշխատանքներ իրականացնի դրանք լուծելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից։