Երևանի շախմատի ֆեդերացիան և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Մելգոնեան համաշխարհային նախաձեռնության հետ գործընկերությամբ կազմակերպում են շախմատի միջազգային օրվան նվիրված համահայկական առցանց մրցաշար:
Այն կմեկնարկի հուլիսի 20-ին՝ հայաստանյան ժամանակով 20։20-ին, և կտևի 2 ժամ՝ ընդգրկելով մասնակիցներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Ակնկալվում է, որ մրցաշարին մասնակցություն կունենան մեծաթիվ միջազգային գրոսմայստերներ, հայտնում են Երևանի շախմատի ֆեդերացիայից։
«Այս նախաձեռնությունը, նախևառաջ, նպատակ ունի ևս մեկ հարթակում համախմբել Հայաստանն ու սփյուռքը, ստեղծել նոր կապեր ու կյանքի կոչել համահայկական շախմատային աշխարհի գաղափարը: Կարծում եմ՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, և՛ սփյուռքում այս մրցաշարն ուրախությամբ կընդունվի և կներգրավի լայն շրջանակների»,-խոսելով նախաձեռնության մասին՝ նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Բացի հիմնական մրցանակներից՝ սահմանված են նաև մրցանակներ կանանց, մինչև 14, 12 և 10 տարեկանների, վետերանների, մինչև 2000 վարկանիշ ունեցողների համար:
Մրցաշարին ցուցակագրման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը։ Այն ազատ է բոլորի համար, սակայն առկա են որոշ պայմաններ: Մասնակցել ցանկացողները պետք է, նախևառաջ, մրցաշարի անցկացման հարթակում նամակ գրեն համակարգողին ուղարկելով ՖԻԴԵ-ի անձնական համարը, իսկ վերջինիս բացակայության դեպքում տրամադրել անձնական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան տվյալներ, երկիր)։ Մրցաշարին միանալու համար պարտադիր է նաև հայտ ուղարկել https://lichess.org/team/panarmenian-chess-day թիմին:
Մրցաշարի կանոնադրությանը՝ հայերենով և անգլերենով։