Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները վրաններ են տեղադրել Ռուսթավելի պողոտայի լայնությամբ՝ խորհրդարանի դիմաց: Ցուցարարները բողոքում են սահմանադրական փոփոխությունների տապալման դեմ, և նրանց գլխավոր պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական կարգով:
«Մենք մեկ պահանջ ունենք՝ բոլորը մեկի դեմ։ Համամասնական ընտրություններ առանց Բիձինա Իվանիշվիլու: Սա է մեր պահանջը»,-ասել է «Ամոթ է» երիտասարդական շարժման առաջնորդներից Շոթա Դիղմելաշվիլին:
Ցուցարարների մեջ են երիտասարդական շարժման անդամները, տարբեր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվստներ։ Այս մասին հաղորդում է «Sputnik Գրուզիան»:
Նոյեմբերի 14-ի երեկոյան ցուցարարների մի մասը իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականն է պահանջել նրա նստավայրի մոտ: