Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Մհեր Գրիգորյանը շնորհալաություն է հայտնել տեսազանգի նախաձեռնության համար։ Փոխվարչապետը նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակում է մնալ ՀՀ առանցքային գործընկերներից մեկը: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունը հատկապես այս ժամանակահատվածում:
Տեսազանգի ընթացքում հայկական կողմը ՀԲ պատվիրակությանը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղված միջոցառումները։ Հայկական կողմը նաև նշել է, թե դրանք ՀԲ խորհրդատվությունների շնորհիվ շարունակաբար բարեփոխումների են ենթարկվում՝ դառնալով առավել թիրախային և արդյունավետ։
Նորանշանակ նախագահ Աննա Բյերդեն նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Կառավարությանը այս կարևոր փուլում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսական ոլորտում Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների և դրանց հաղթահարման շուրջ: