fbpx
Խորհրդարան

Համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվեի մասին օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս համայնքների միավորման կամ բաժանման հարցով անցկացնել տեղական հանրաքվե:

Ներկայացված նախագծի հեղինակներն են պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Վահե Ղալումյանը:

Ըստ դրա՝ կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ: Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:

Խորհրդատվական բնույթի տեղական հանրաքվե անցկացվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը որևէ որոշում չի կայացնում և քվեարկության արդյունքների արձանագրությունը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին և կառավարության լիազորած պետական մարմնին:

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 կողմ և 15 դեմ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Այն դեկտեմբերի 5-ի Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Օրենքների փաթեթը վերաբերում է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին և դրա իրականացմանը: Հանրային կառավարման բարեփոխումների առաջին փուլը տեղի է ունեցել 2018թ. մարտի 23-ին ընդունված օրենքներով: Այս օրենքների փաթեթով մենք կատարում ենք մեր բարեփոխումների երկրորդ փուլը, հետագայում պետք է ներկայացվի նաև երրորդ փուլը: Մինչև բարեփոխումների ընթացքը գոյություն ունեին հանրային և այլ անուններով 17 ծառայության տեսակներ, 2018թ. փոփոխությունների արյդունքում դրանք դարձան 12-ը: Այս փոփոխություններով թվով տասներկու ծառայություններում ներդնում ենք համակարգեր, որոնք միասնական մոտեցում ցույց կտան, այսինքն՝ ներդաշնակեցնում ենք մի շարք կանոններ»,-նշել էր Գրիգորյանը:

ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ և 19 դեմ ձայներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ