ՀՀ ԿԳՄՍ-ն հայտնել է, որ Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա հոբելյանական համերգ:
«Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վերնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), ‹‹Դլե յաման›› երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Կհնչեն նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից:
Համերգին ներկա կլինեն հեղինակավոր հյուրեր, արվեստագետներ թե՛ Հայաստանից, թե՛ Ֆրանսիայից. ներկա կլինեն նաև Վերնոյի ընտանիքի անդամները:
- ԿԳՄՍ նախարարն այցելել է կինեմատոգրաֆիայի լեգենդ Արտավազդ Փելեշյանին
- ԿԳՄՍՆ և Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել ֆրանսահայ հայտնի կինոռեժիսորի հիշատակին, ներկայացնել Վերնոյի ստեղծագործական ժառանգությունը, արժևորել նրա տեղն ու դերը համաշխարհային կինոարվեստում և բացահայտել ազգային ինքնության առանձնահատկությունը:
Միջոցառման կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ները:
Նշենք, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում»,- ասվում է հաղորդագության մեջ: