fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը հանված չէ օրակարգից. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարություն է արել, որում նշում է, որ ռուս խաղաղապահներն աշխատում են ամեն ժամ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ:

«Կողմ ենք դիրքորոշմանը, որ տրանսպորտային հաղորդակցությունը շուտափույթ վերականգնվի, և կարգավորվեն հանքավայրերի շահագործման հետ կապված տարաձայնությունները, որոնք մեզ ժառանգություն են հասել դեռևս ԽՍՀՄ տարիներից, և պետք է վերացնել հարցի սրությունը: Հիմք ենք ընդունում այն, որ բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորություններին, որոնք վերաբերում են հենց Լաչինի միջանցքով տեղաշարժին, և որքան ես հասկացա, մեր ադրբեջանցի գործընկերները միևնույն դիրքորոշումն ունեն»,- հայտարարել է Լավրովը:

Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առավել, քան որևէ այլ կողմ, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արդար խաղաղությամբ ու միջադեպերի կանխմամբ: «Գործընթացի ամենաօպտիմալ զարգացումը կլիներ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, որի ուղղությամբ աշխատում է եռակողմ հանձնաժողովը: Կողմերը համաձայնել են, որ այն աշխատելու է ռուսական խորհրդատվական աջակցությամբ: Անհրաժեշտ է ապահովել այդ մեխանիզմի կայուն և ամբողջական աշխատանքը՝ ձեռնպահ մնալով ուժի գործադրման որևէ հետընթացային նախաձեռնությունից և բոլոր վիճելի հարցերը լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով»,- ասել է Սերգեյ Լավրովը:

«Կողմերը համաձայնեցնում են նոր շփումները Հարավային Կովկասի վերաբերյալ՝ նախարարների մակարդակով «3 + 3» ձևաչափով»,- նշել է նա:

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը հանված չէ օրակարգից, Ռուսաստանը պատրաստ է այն ընդունելու: Նա նաև ասել է, որ խաղաղության պայմանագրի թեման պահանջում է անընդհատ ուշադրություն: «Որքան հաճախ մենք հավատարիմ մնանք բանակցային գործընթացին աջակցելու դիրքորոշմանը, այնքան ավելի շուտ կլուծվեն, այդ թվում, հարցերը, որոնք տեղում մտահոգություն են առաջացնում: Միջադեպերը, որոնք ցանկացած հակամարտությունում անխուսափելի են, և որոնք, իհարկե, պետք է օպերատիվորեն դիտարկել և փորձել արագորեն կարգավորել, կշարունակվեն ավելի մեծ չափերով և ավելի հաճախ, եթե կողմերից մեկը, նման միջադեպի ի հայտ գալուց անմիջապես հետո հրաժարվի բանակցության համաձայնեցված հերթական փուլից: Դա որևէ մեկին երբևէ օգուտ չի բերել: Նույնիսկ սեփական դիրքորոշումը համաշխարհային հանրությանը հասցնելու տեսանկյունից մեր հայ գործընկերը հնարավորությունը բաց թողեց: Ջեյհուն Ազիզովիչը հանգամանալից ներկայացրեց իրավիճակի ադրբեջանական տեսլականը: Եթե մեր հայ գործընկեր, ՀՀ արտգործնախարար Միրզոյանը հաստատեր իր մասնակցությունը, կատարեր պայմանավորվածությունը, նա նույնպես նման հնարավորություն կունենար: Այդ դեպքում միջազգային հանրությունը կկարողանար եզրակացություններ անել: Երևանը դիվանագիտական ​​ուղիներով չի հայտարարել Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը չմասնակցելու որոշման մասին, և մեթոդը, որով մեզ իրազեկել են չմասնակցելու մասին, առաջացնում է հարցեր»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա հայտնել է, որ Բաքուն դեռ պատրաստ չէ լիարժեք պատասխան տալ Երևանի ներկայացրած խաղաղության առաջարկներին: Բայրամովը հերքել է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը շրջափակելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները և ներկայացրել Ադրբեջանի պահանջը՝ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ