Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքէջը հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը։ Այն բացեց Խորհրդի ամենատարեց անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվելու համար, Յու.Սարգսյանը ներկայացրեց օրակարգի առաջին հարցը՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության վերաբերյալ։
«Հոգաբարձուների խորհրդի անդամ, Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, որից հետո տեղի ունեցան ելույթներ։
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվել է «Խելացի լուծումների» կենտրոնը
- Վարչապետը ծանոթացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնական գործընթացին
Պաշտոնի առաջադրումը պաշտպանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը, համալսարանի էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների դոկտոր Կառլեն Բեգոյանը։ Ելույթներից հետո տեղի ունեցավ քվեարկություն և Հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր կազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ։