fbpx
Աշխարհ

ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ելնելով ՀԱՊԿ-ում համարում են, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ․ այս մասին հայտնել է կառույցի քարտուղարությունը:

«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համապատասխան մեկնաբանությանը. «Փաշինյանը չի ասել, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, նա ասել է, որ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք»։ Հետևաբար մենք ելնում ենք նրանից, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, այն շարունակում է մնալ Կազմակերպության լիիրավ անդամ», – ասված է հայտարարության մեջ։

Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին
Փաշինյանը նախօրեին խորհրդարանում, արձագանքելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ ընդդիմադիրների հարցերին, հայտարարել էր. – «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք։ Լավ ենք անում… մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։

Ավելի վաղ վարչապետն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել է «մեր դեմ պատերազմի նախապատրաստության»։ Նրա այդ հայտարարությունը հնչել էր Բաքվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, թե տեղյակ է եղել Ղարաբաղի վրա հարձակվելու Ալիևի ծրագրերից և անգամ համաձայն է եղել, որ այդ խնդիրը հնարավոր է պատերազմով լուծել:

Հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին լարվել առավելապես վերջին երկու տարիներին, երբ Հայաստանը սեպտեմբերյան դեպքերից հետո դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին ու այդպես էլ չստացավ ակնկալվող օգնությունը։ Չնայած Երևանի հետևողական պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքներ է օկուպացրել։

Այս տարի արդեն վարչապետ Փաշինյանը հայտարարեց դաշինքին անդամակցությունը դե ֆակտո սառեցնելու մասին։

Մայիսի սկզբին պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ