ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:
«Խորհրդի նիստում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները: Մասնավորապես՝ առաջարկվում է կրճատել հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, ինչպես նաև սահմանել թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նվազագույնի կհասցվի հարկային մարմին-հարկ վճարող շփումը, կբարձրացվեն հարկային կարգապահությունը և վարչարարության արդյունավետությունը:
- Բացահայտվել է չհայտարարագրված ապրանքների ներմուծման նոր դեպք. ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- ՌԴ-ում կգործի փաթեթավորված խմելու ջրի մակնշման պահանջ. ՊԵԿ
Անդրադարձ է եղել նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ նախագծին, որով ակնկալվում է բարելավել այդ ուղղությամբ իրականացվող վարչարարությունը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունը կխթանի նաև փոխկապակցված հարկ վճարողների միջև միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների և առաջացած հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը և հարկմանը:
Ակտիվ քննարկումներ են ծավալվել ներկայացված նախագծերի, ինչպես նաև մասնակիցների բարձրացրած՝ հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: