ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հայկ Գևորգյանն ու Գևորգ Պապոյանը մայիսի 16-ին հանդիպել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ: Քննարկման թեման մեր երկրի հարկային բարեփոխումներն էին:
Առաջիկա քառօրյայում քննարկվելու է ՀՀ հարկային օրենսգրքում և կից օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխությունները: Հայկ Գևորգյանի հավաստմամբ՝ հիմնական նպատակը հարկային համակարգի բարելավումն է. փորձ է արվում գործող հարկային հնգաստիճան համակարգը դարձնել եռաստիճան: Թիրախավորված դրույթը եկամտահարկի համահարթեցումն է: Ընդդիմադիր քաղաքական ուժերն ու ոլորտի որոշ մասնագետներ պնդում են, որ համահարթեցման հետևանքովհարուստները քիչ կհարկվեն, իսկ միջին եկամուտ ունեցողները՝ շատ:
«Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ յուրաքանչյուր աշխատավարձի եկամտահարկը հաշվարկվելու է, ըստ դրա համար նախատեսված տոկոսների»,- ասել է Գևորգ Պապոյանը և հավելել, որ միլիոն դրամ աշխատավարձի եկատմահարկը կկազմի շուրջ 200-250 հազար դրամ:
Ըստ Հայկ Գևորգյանի՝ շնորհիվ եկամտահարկի համահահարթեցման՝ կգրանցվի միջին աշխատավարձի աճ: Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում ստվերի կրճատմանը՝ պատգամավորը նշել է, որ դա տեղի է ունեցել «առանց հարկային տեռորի, առանց որևէ միջամտության»:
Առաջին անգամ սպառման շուկայում գրանցվել է 15 հազար ավելի սպառող, որը խոսում է միգրացիայի դրական ցուցանիշի մասին, նշել է բանախոսը:
Մեր երկրի համար գերակայություն են արտադրության ծավալների ավելացումն ու արտահանումը: Գևորգ Պապոյանի խոսքով՝ շահութահարկի իջեցումը նպաստավոր պայմաններ կստեղծի արտադրությամբ զբաղվողների համար: Ըստ նրա՝ բարեփոխումների հիմքը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումն է:
Բանախոսներն անդրադարձել են նաև ներդրումային ծրագրերին, գյուղատնտեսության և այլ բնագավառների խնդիրներին, կարևորելով դրանց օր առաջ լուծումներ գտնելը:
Ուսանողներն ուղղել են բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր, որոնք առնչվել են աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, գործազրկության կրճատմանը տարբեր հարկատեսակների նվազմանը:
Հյուրերը շրջել են խորհրդարանում, եղել ԱԺ թանգարանում:
