Հալյուցինացիաներ՝ պարտությունից հետո

«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը, դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ընթացքում անդրադառնալով ընտրությունների արդյուքներին, ընդգծել է, թե արդյունքներն իրենց համար անսպասելի էին։ Երկրորդ նախագահը, ով հույսը դրել էր մինչ ընտրությունները անցկացված վճարովի հարցումների վրա, այսօր հայտարարում է՝ իրենց կանխատեսումները եղել են մի քիչ այլ։ Թերևս ընտրությունների արդյունքները փաստում են, որ նրանց չի հաջողվել հին մեթոդներով իրական ցուցանիշները մոտեցնել իրենց երազած արդյունքներին։

Քոչարյանի անհեթեթ ձևակերպմամբ՝ իրական և իրենց պատկերացրած արդյունքների պատճառը կամ մարդկանց վախն է, որի պատճառով չեն արտահայտել իրենց մտացածը, կամ ընտրությունները հիմնված են եղել կեղծիքի վրա։

Հստակ պետք է արձանագրել, որ երկրորդ նախագահի այս հիմնավորումները արդիական են եղել ոչ թե ներկայիս, այլ նախորդ իշխանությունների օրոք։ Քոչարյանը, ում նախագահության օրոք ոտնահարվում էր քաղաքացու արժանապատվությունը, իսկ կարծիքի ազատ արտահայտման համար դաժան հաշվեհարդար էին տեսնում, այսօր հայտարարում է, թե այս իշխանության օրոք վախից դրդված քաղաքացին իր կարծիքը չի արտահայտել։

Պետական շահը «բարձրագույն արժեք համարող», ընդդիմադիր այս քաղաքական թիմը, բացահայտ ստելով, լսարանին է հրամցնում այն միտքը, թե ներկայիս իշխանությունը ուժային ռեսուրսներ է կիրառել նորից վերընտրվելու համար։ Պատերազմից հետո մի քանի ամիս Բաղրամյան պողոտան փակ պահելուց ու իբրև հայրենիքը փրկելու համար բոլոր արտոնությունները ունենալուց հետո, այժմ Քոչարյանը ընգծում է, թե այսպիսի ճնշումներ ընդդիմության նկատմամբ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության մեջ։ Փաստ է, որ իրականությունը լրիվ հակառակն է՝ ընդդիմությունը երբեք այսքան հնարավորություններ չի ունեցել, այլ հարց է, որ չնայած դրան՝ ժողովուրդը հստակ գիտակցում է քաղաքական խաղերն ու չի մտնում դրա մեջ։

Ռոբերտ Քոչարյանի այս հայտարարությունները, թերևս կոմեդիայի ժանրից են, և ինչպես քարոզարշավի ընթացքում, այնպես էլ հիմա՝ հաճո են միայն սին հույսերով ապրող իր թիմակիցների համար։

«Հայաստան» դաշինքի ժողովի հետաքրքրական դրվագներից է՝ Քոչարյանի երազանքը, ըստ որի, վստահ է՝ 1․5 տարի հետո լինելու են նոր արտահերթ ընտրություններ: Պետության ներքին խաղաղ կյանքին ձգտող քաղաքական գործիչը հաստատ նման հայտարարություններ չէր անի ու չէր ցանկանա երկրի ներսում հրահրել բախումներ։ Քոչարյանի խոսքով` արտահերթ ընտրություններով երկրում ստեղծված ճգնաժամը չի կարգավորվել, պետք է արձանագրել, որ իրենից այն կողմ ոչինչ չտեսնող նախագահի համար, իր մտածելով՝ ճգնաժամը կհաղթահարվի միայն իր իշխանության գալու արդյունքում։

Քոչարյանի մեծ ախորժակին հակառակ՝ ժողովուրդն ապացուցեց, որ այս քաղաքական թիմը իշխանության գալու որևէ շանս չունի։ PR-ը, սուտ խոստումներ տալը, պատերազմում կրած կորուստների շահարկումները այսօր քաղաքական դաշտում եղանակ չեն փոխում, քանի որ ՀՀ քաղաքացին իր մաշկի վրա տեսել ու զգացել է երկրորդ նախագահի կառավարման հետևանքները։

Շողիկ Կակոյան

 

Ամենաթարմ