Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունից։
«Հանդիպման սկզբում բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցությունը՝ զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորվում է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ամրապնդվող բարեկամական հարաբերություններով:Կողմերը մտքեր են փոխանակել երկու պետությունների փոխգործակցության հեռանկարային ուղղությունների, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և իրավակարգի ապահովման բնագավառներում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ:
- Կառավարությունը 875 միլիոն դրամ է հատկացրել ՀՀ 9 մարզերի
- Կառավարությունը 750 մլն դրամ հատկացրեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու համար
Զրուցակիցներն արձանագրել են, որ երկու երկրներն ունեն փոխգործակցության չիրացված, զգալի ներուժ և պատրաստակամություն են հայտնել շարունակել զարգացնել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ այդ թվում նոր թափ հաղորդել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դեսպան Բոլատ Իմանբաևին է ներկայացրել այս տարի Հայաստանում անցկացվելիք միջոցառումները՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան ու գիտության և արվեստի «STARMUS-VI» փառատոնը՝ այդ միջոցառումներին կարևորելով նաև ղազախ ներկայացուցիչների և զբոսաշրջիկների ներգրավվածությունն ու այցելությունները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ սոցիալ-տնտեսական բնագավառներում սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: