Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած տոնական միջոցառմանը՝ նվիրված ԱՀ հռչակման օրվան:
Երկրի ղեկավարը ողջունել է մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծելով, որ մեծ մաքառումի գնով է հաջողվել ձեռք բերել Արցախի ազատությունն ու անկախությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ զարգացած և մրցունակ պետություն ունենալու համար շատ կարևոր է գիտելիքահենք ու աշխատասեր երիտասարդություն ունենալը և նրա ներգրավվածությունը ինչպես երկրի քաղաքական համակարգում, այնպես էլ կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում նախագահ Հարությունյանը կուսակցական տոմսեր է հանձնել նաև քաղաքական ուժի շարքերը համալրած մի խումբ երիտասարդների:
Արարողությանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Շուշիի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանը, ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամներ: