Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել.
Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից, հավանաբար, այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում և Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար է անցկացնել որևէ հանրային քննարկում։ Սա, անշուշտ, գլոբալ երևույթ է և սկիզբ է առել ոչ հիմա, այլ աստիճանաբար է թափ հավաքել։ Ամերիկյան Pew ինստիտուտը 2015 թվականին հարցում անցկացրեց այն մասին, թե մարդիկ կարո՞ղ են հրապարակային գրառում անել, եթե դա, հնարավոր է՝ վիրավորի այլ խմբի։ Եվ ամբողջ աշխարհում հարցվածների 35 տոկոսը դրական էր պատասխանել։ Այսինքն՝ յուրաքանչյուր երրորդը կարծում է, որ նորմալ է. սոցցանցերում կարելի է գրել մի բան՝ հաստատ իմանալով, որ այն կարող է վիրավորել այլ մարդու։ Հաշվի առնելով բևեռացող քաղաքականությունն աշխարհում և մեր երկրում՝ պատահական չէ, որ 2015-ից այս կողմ նման մարդկանց թիվն ու գրառումների ագրեսիվությունն աճել են։
Երկփեղկված, բևեռացած ու թշնամացած հասարակությունը մի կողմից՝ չափազանց կանխատեսելի է, մյուս կողմից՝ չափազանց խոցելի։ Հասարակությունները նախքան արտաքին թշնամուն պարտվելը՝ նախ ներքուստ են թշնամացել, բախվել ու թուլացել։ Դրա պատմական նախադեպերը շատ են՝ սկսած Հռոմեական Կայսրությունից մինչև մեր օրերը։ Որպեսզի հասկանաս, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունես, ուսումնասիրիր նրա քաղաքական բարդույթները։ Այդ իմաստով մեզանում միջնադարյան բարքեր են. • Իշխանություն-ընդդիմություն պայքարի նպատակը միմյանց ոչնչացնելն է քաղաքականապես ու բարոյապես։ Եթե չես հայհոյում, մրցակցիդ չես ոչնչացնում, ապա ո՛չ իրական իշխանություն ես, ո՛չ էլ իրական ընդդիմություն։
• Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին դիսկուրսն անիրականանալի երազանքներից կամ իրականությունից կտրված պատկերացումներից այն կողմ չի անցնում: Իսկ Հայաստանի շահերն առաջ տանելու մասին գաղափար առաջարկողը միանգամից դառնում է ռուսամետ, արևմտամետ, կա՛մ մեկ այլ մետ:
• Արցախի հարցում սահմանին Ադրբեջանն է, բայց խրամատները փորել ենք մեր ներսում։ Խրամատներում են խաղաղության ու պատերազմի կուսակցությունները, հայրենասերներ ու դավաճաններ, հայրենասերներ ու էլ ավելի հայրենասերներ, դավաճաններ ու էլ ավելի դավաճաններ, զիջողականներ ու ոչմիթիզականներ։
Հասարակությունը բևեռացած է, հանրային գնահատականները՝ ծայրահեղացված։
• Մեր երկրում հերոս ես կամ հանցագործ։
• Մեր երկրում իշխանությունը միշտ ճիշտ է կամ միշտ սխալ։
• Մեր երկրում ընդդիմությունը պետք է լինի բանտում կամ ծախու։
• Մեր երկրում սիրելի արվեստագետը հետմահու է կամ արտասահմանում։
• Մեր երկրում գործարարը բարերար է կամ օլիգարխ։
Հոդվածն ամբողջությամբ այստեղ՝ 168.am