fbpx
Արցախ

Սենոր Հասրաթյանը թողել է պաշտոնը ու զորացրվել ՊԲ շարքերից

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ թողնում է զբաղեցրած պաշտոնը։

«Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո՝ իմ զեկուցագրի համաձայն, թողնում եմ Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից:

Թողնում եմ հպարտությամբ, քանի որ ծառայել եմ մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհն անցել է մարտական ակտիվ գործողություններում տարած փառավոր հաղթանակներին զուգահեռ և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:

Հակված եմ կարծելու, որ այն ամենը, ինչ կյանքի է կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ռազմատեղեկատվական ոլորտում զբաղված տասնյակ ծառայակիցներիս ազնիվ ու բոլորանվեր աշխատանքի արդյունքում, իր համեստ նպաստն ունի մեր երկրի պաշտպանական համակարգի լիարժեք կենսագործունեության ապահովման գործում: Միաժամանակ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ում հետ այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել հարաբերվել մեր մասնագիտական ճակատում:

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել և մեծարանքի խոսքեր հասցեագրել Արցախի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած բոլոր հրամանատարներին, մարտական փայլուն ճանապարհ անցած` գործող և պաշտոնաթող գեներալներին, քանզի նրանցից յուրաքանչյուրին ճանաչել ու հարգել եմ որպես ուրույն բնավորությամբ, մոտեցումներով և թողած մնայուն ժառանգությամբ ռազմական գործիչների:

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում բանակի վարչությանն ու ողջ անձնակազմին՝ գիտակցված ու իմաստալից համատեղ ճանապարհ անցնելու համար և ցանկանում ամենալավն ու բարին:

Համոզված եմ, որ ինչպես եղել ենք ուժեղ, կանք ուժեղ, այդպես էլ լինելու ենք ուժեղ և ՀԱՂԹՈՂ։

Պատիվ ունեմ», – գրել է Հասրաթյանը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1057266744689331&id=100012180459090

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ