Մոսկվան հույս ունի, որ ռուսական միջնորդությամբ Երևանի ժամանակով ժամը 10-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադար հաստատելու մասին պայմանավորվածությունը կկատարվի ամբողջ ծավալով։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը` նշելով Ռուսաստանի ծայրահեղ մտահոգությունը սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։
«Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։ Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանի ղեկավարության կողմից ստացվել է դիմում իրավիճակի կարգավորման գործում առկա երկկողմ համաձայնագրերի համապատասխան և ՀԱՊԿ-ի գծով աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Ակնկալում ենք, որ ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը ս. թ. սեպտեմբերի 13-ին` Մոսկվայի ժամանակով 09։00-ից սկսած հրադադար հաստատելու մասին կկատարվի լիարժեքորեն», – նշված է հայտարարությունում։
Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հավելել է, որ Մոսկվան առաջվա պես ելնում է այն տեսակետից, Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերը` հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի շրջանակներում` Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։