Հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները հավասարազոր են մարդկության դեմ հանցագործություններին․ ԱԳՆ խոսնակ

Ամենադիտվածներ

Հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները հավասարազոր են մարդկության դեմ հանցագործություններին․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտագին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տվել «The Human Rights Watch»-ի զեկույցի վերաբերյալ։

Մեկնաբանությունը հրապարակվել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում, որը հրապարակում ենք ստորև․

««The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։

Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։

Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ