Եվրոպական երկրորդ խաղերը շարունակվում են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Հունիսի 23-ին՝ մրցումային երրորդ օրը, պայքարի մեջ են մտել նաև ձյուդոիստները: Հայաստանն այս մարզաձևում ներկայացնում է 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը:
Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց պորտուգալացի Ժորժե Ֆերնանդեսին: 1/8 եզրափակչում էլ Ֆերդինանդն ուժեղ գտնվեց Մուսա Մոգուշկովից, որը ներկայացնում էր Ռուսաստանը:
Քառորդ եզրափակչում Կարապետյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ռուստամ Օրուջովի հետ: Ցավոք, մեր ձյուդոիստը պարտվեց և կմասնակցի սփոփիչ գոտեմարտի, որտեղ նրա մրցակիցը կլինի Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Խիդայատ Հեյդարովը։ Վերջինիս հաղթելու դեպքում Կարապետյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։

