fbpx
Հասարակություն

Արմեն Սարգսյանը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահին՝ հայ գերիների հարցով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանը նամակում մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի հարյուր հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերեվարվել, որոնք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:

«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում:

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, անհատներ պետք է համարժեք գնահատական տան Ադրբեջանի գործողություններին:

Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ներկայումս Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և պատանդների իրական թիվը, և շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում:

Դիմում եմ Ձեզ և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ