Սպասվում է, որ այդ այցի կապակցությամբ հայկական իշխանական և մերձիշխանական լրահոսը կրկին «լվանալու է մարդկանց ուղեղները»՝ փորձելով համոզել մարդկանց, թե որքան լավ բան է թշնամու հետ բարեկամությունը։
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 20-ին կայացած նիստում որոշում է ընդունել 17.55 մլն դրամ հատկացնել հայ փորձագետների Բաքու այցի կազմակերպման համար։ Նոյեմբերի 21-22-ը նախատեսվում է 5 հայ փորձագետի մասնակցություն Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը։ Նշված գումարը կծախսվի Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչքների կազմակերպման նպատակով։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քննարկմանը մասնակցությունը նպատակ ունի ակտիվացնել հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների միջև շփումները և ձևավորել երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ադրբեջանցի փորձագետներն այցելել էին Երևան՝ մասնակցելու երկկողմ հանդիպմանը։ Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը, ով այդ պատվիրակության կազմում էր, հայտնել էր, որ առաջիկայում նախատեսվում են ադրբեջանցի փորձագետների այցեր ոչ միայն Երևան, այլև Հայաստանի շրջաններ։ Մամեդովը նաև նշել էր, որ Բաքու ժամանող հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ինչպես ադրբեջանական աշխատանքային խմբի, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

