Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ:
Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:
Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ և պարտվեց 0:9 հաշվով:
Մելիքյանը հունիսի 4-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից և, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) և ռուս (10:1) ըմբիշների, նվաճել էր եզրափակիչի ուղեգիր:
Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Միրոսլավ Սլովիանի նկատմամբ:
Նախօրեին պարտություն կրած Կարեն Խաչատրյանը (82 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն հունիսի 5-ին պարտվել է երկրորդ սփոփիչ գոտեմարտում և լքել պայքարը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Հրաչյա Պողոսյանը (63 կգ):
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտեց մեկ ոսկե, մեկ արծաթե և 2 բրոնզե մեդալով:
Հիշեցնենք նաև, որ Ամոյանը ոսկե մեդալը վիճարկել էր մոլդովացի Միհայ Պետիչի հետ և հաղթել 8:0 հաշվով:
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։