fbpx
Քաղաքականություն

Հայաստան դաշինքը ՍԴ դիմելով ավելի է նվազեցնում իր քվեները. Սահմանադրագետ

Ընտրությունների արդյունքների պարզ դառնալուց հետո մի շարք կուսակցություններ և դաշինքներ դիմեցին Սահմանադրական դատարան՝ չընդունելով այն։ «Հայաստան» դաշինքը, որը ստացած ձայներով երկրորդն է, և անցել է Ազգային ժողով, որպես ընդդիմադիր ուժ, դիմել է Սահմանադրական դատարան։

Azat TV-ին հետընտարական այս զարգացումների մասին զրուցել է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի հետ, փորձելով հասկանալ՝ արդյոք կարող է դաշինքը հաջողությունների հասնել դիմումի հետ կապված։

Հարցին՝ ինչպիսի՞ փաստեր են անհրաժեշտ Սահմանադրական դատարան դիմելու համար, Խալաթյանը պարզաբանեց,-«Դիմելու համար անհրաժեշտ են համոզիչ փաստեր, որ ընտրություններում արձանագրվել են ընտրախախտումներ և այդ խախտումները էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա, այսինքն այս երկու հանգամանքը հաստատող փաստեր են անհրաժշետ, որոնք որ ես գտնում եմ, որ «Հայաստան» դաշինքը չի կարող ներկայացնել, քանի որ նման փաստեր պարզապես չկան»։

Խալաթյանը նշեց, որ դաշինքի փաստերը ընդհանրապես հիմնավոր չեն։

«Քանի որ ես ներգրավված եմ եղել «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի շտաբում և համակարգել եմ իրավական հարցերը, ես մոտ 40-50 ահազանգ եմ ստացել, որոնց մեծագույն մասը կապված է եղել «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ենթադրաբար կատարված ընտրական իրավախախտումների մասին։ Որևէ ահազանգ, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասով չեմ ստացել և ընդհանրապես որևէ դիտորդական կազմակերպություն նման խախտումներ չի արձանագրել»։

Խալաթյանի խոսքով՝ ընտրությունների ճանաչման գործընթացը թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդական կազմակերպությունների  կողմից, ինչպես նաև խոշոր ժողովրդավարական պետությունների կողմից վկայում է այն մասին, որ  ընտրությունների լեգիտումությունը կասկածի տակ դրվել չի կարող։

«Պետք է կարևորել այն հանգամանքը, որը որոշակի տեխնիկական խախտումներ, թերություններ բոլոր ընտրական պրոցեսներում էլ լինում են, այստեղ կարևորը այն է, թե արդյոք առկա է եղել միտում՝ իշխանությունների կողմից, ինչը բացակայում է։ Ընտրախախտումների մասով կարող են շատ բաներ բացահայտվել «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի քվեների վերաբերյալ, դա անգամ կարող է իրենց քվեների նվազմանը հանգեցնել, այլ ոչ թե ավելացմանը»։

Դիտարկմանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ էլ հիմնական ընտակաշառքները, բուժհաստատություններում պարտադրաբար ընտրությունների ուղարկելը եղել է «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից, սահմանադրագետը ասաց,-«Նման բազմաթիվ դեպքեր են եղել, նախադեպը առկա է եղել «ՀԷՑ-ում», «Գազպրոմ Արմենիայում» և այլ վայրերում։ Ընդդիմության սեգմենտին պատկանող կամ իրենց համակիրներին պատկանող ձեռնարկություններում դա կրել է համատարած բնույթ։ Ընդդիմադիր ուժերի ղեկավարները նույնպես վարչական ռեսուրս են կիրառել, այսինքն այսօր ունենք իրավիճակ, երբ ընդդիմությունը ոչ պակաս ռեսուրսի է տիրապետում, քան իշխանությունը, առնվազն ՏԻՄ մակարդակում անգամ գերակշռում է իշխանության ռեսուրսներին։

Հարցին, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի, եթե Սահմանադրական դատարանը բավարարի «Հայաստան» դաշինքի դիմումը, Խալաթյանը նշեց, որ այդ պարագայում Հայաստանը կրկին տևական ժամանակով կլինի ճգնաժամային վիճակում։ «Դիմումի բավարարման դեպքում պետք է նշանակվեն նոր ընտրություններ։ Սակայն այնքան ակնհայտ է այս դիմումի անհիմն լինելը, որ դա անգամ կարող է հանգեցնել Սահմանադրական դատարանում նման որոշում կայացրած դատավորների քրեական պատասխանատվության ենթարկման, որովհետև հիմք և փաստարկում չի կարող լինել նման որոշում կայացնելու համար։ Միջազգային կազմակերպությունների և աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ընտրությունների ճանաչումը պետք է նաև ունենա զգաստացնող ազդեցություն։  Եթե Սահմանադրական դատարանի համար սեփական ժողովրդի կամարտահայտումը բավարար չէ, ապա միջազգային քաղաքական պետություններից եկող ուղերձները նրանց համար զգաստացնող նշանակություն պետք է ունենան, որ եթե իրենք կարող են պայթեցնելով իրավիճակը Հայաստանում, պայթեցնել նաև ռեգիոնալ անվտանգային փխրուն բալանսը, որովհետև, եթե Հայաստանում նման զարգացումներ հրահրվեն, դա կարող է Ադրբեջանում ագրեսիայի շարժառիթ և հիմք հանդիսանալ»,-եզրափակեց Խալաթյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ