Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
- Ինչո՞ւ է գազի գինը թանկանում, այդ ի՞նչ պարտք է Գազպրոմին ու ո՞վ է սրա մեղավորը․ պարզաբանում է նախկին փոխնախարար Արզումանյանը
- Տնտեսությունը վերականգնվում է, ՏԱՑ-ը աճել է 13,2 տոկոսով․ Պապոյան
«Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առևտրաշրջանառության զարգացմանը համահունչ:
Հակոբ Արշակյանը կարևորել է ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաև տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «ՀայՓոստի» հետ համագործակցության զարգացումը:
Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզի» միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում:
«Վայլդբերիզ» ընկերությունն էլեկտրոնային առևտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն առևտրային գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրում:
Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության և «ՀայՓոստի» միջև», – ասված է ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ: