Հայաստանում հրատարակվել են մի քանի անուն փորձնական դասագրքեր, որոնք մշակվել են նոր մոտեցումներով ու մեթոդներով և կարող են կիրառվել տեխնոլոգիաների միջոցով:
Նոր դասագրքերում փորձ է արվել տարանջատել կարևոր ու երկրորդական նյութը, լուսանցքներում տրվում են թեմայի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ:
Հեղինակների նպատակներից է, որ դասագրքում տվյալ թեմային հաջորդող հարցերը երեխային մղեն մտածելու, փնտրելու և գտնելու այլ աղբյուրներ: Օրինակ՝ առաջարկվում է տեղեկություններ հայթայթել գրողի կյանքում տեղ գտած նշանավոր մարդկանց մասին, համեմատություններ անել գրողի ստեղծագործության և համաշխարհային արվեստի որևէ նմուշի հետ, ուսումնասիրել գրողի հագուստն ու ոճը, ինչը ևս սովորողին կմղի դեպի գրողի ստեղծագործությունը: Նոր դասագրքում օրվա թեմային հաջորդող հարցերը տրված են ըստ բարդության և, ըստ այդմ էլ, գունավորված են:
Նոր դասագիրքը հնարավորություն է ստեղծում, որպեսզի սովորողը ոչ միայն կարդա, այլև լսի բանավոր խոսք: Եթե տվյալ թեմայի վերաբերյալ կա երգ, հայտնի ասմունքողների կատարումներ, ֆիլմեր, ապա դրանք QR կոդով ներկայացված են լուսանցքում, և սովորողը, սմարթֆոնը մոտեցնելով, կարող է տեսնել ու լսել դա:
Աղբյուրը՝ 1lurer.am