«Մենք ունենք և ԵՄ-ին ներկայացրել ենք 13 նախագիծ, որոնց մի մասը կարելի է անվանել մեգա նախագիծ: Մեր միջազգային գործընկերները պատրաստ են մասնակցել այդ նախագծերի իրականացմանը, բայց նրանք շատ տրամաբանական բան են ասում: Նրանք ասում են, որ մենք էլ պետք է գումար ներդնենք, քանի որ դժվար է պատկերացնել, որ մի միջազգային կազմակերպություն 100 տոկոսով ֆինանսավորի ծրագիրը: Եվ մեր պետական պարտքի քաղաքականությունը մեր ընդհանուր օրակարգում կա»,- այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրերի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Վարչապետի նշեց, որ ՀՆԱ-ում պետական պարտքի տոկոսի բարձրացման կամ նույնը թողնելու հարցը ռազմավարական նշանակություն ունի և պետք է քննարկումների արդյունքում որոշում կայացվի: Փաշինյանի կարծիքով` պետք է նաև ստվերի դեմ ակտիվ պայքար տանել, քանի որ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ կան, որոնք գտնում են, որ Հայաստանում 50-ից 60 տոկոս ստվեր կա:
«Եթե մենք ստվերի դեմ պայքար տանենք, մեր ՀՆԱ մակարդակը կմեծանա և ՀՆԱ-ի մեջ պարտքի շեմը կիջնի: Բայց հնարավոր է, որ այդպես չլինի: Մենք պետք է մտածենք` մենք պատրաստ ենք արդյոք այդ շեմը բարձրացնել տասը տոկոսով` դարձնելով 70 տոկոս»,-նկատեց Փաշինյանը:
Վարչապետը պարտքի շեմի բարձրացումը համարեց ռազմավարական նշանակության, այլ ոչ թե կուսակցական կամ կառավարության հարց: