«Հաջորդ տարի նշվելու է 1995թ․պեկինյան համաժողովում ընդունված գործողությունների հռչակագրի 25-ամյակը ու հենց այս նպատակով Ժնևում տեղի ունեցավ համաժողով՝ ներկայացնելով Եվրոպական և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային դիտարկումները կայուն զարգացման նպատակների ու «Պեկին +25»-ի օրակարգի համադրման վերաբերյալ։ Այն շատ կարևոր էր, որովհետև մենք կանանց հավասարության ու դերի ուժեղացման մասին խոսում ենք տարբեր հարթակներից, և անհրաժեշտ է, որպեսզի այդ հարթակների ջանքերը միատեղվեն ու իրապես արդյունավետ գործընթաց ապահովեն»,- ամփոփելով Ժնև կատարած աշխատանքային այցը՝ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Համաժողովի օրակարգի շրջանակում քննարկվել են քաղաքականության ոլորտում կանանց մասնակցության, գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի, կանանց սոցիալ-տնտեսական հզորացման, կլիմայի փոփոխության և գենդերային խնդիրների, կրթության համակարգում գենդերային հարցերի ներառման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր։ Համաժողովի ընթացքում Հայաստանը վարել է վերջին պանելային քննարկումը՝ Ֆրանսիայի Գենդերային հավասարության նախարարի, Ալբանիայի սոցիալական պաշտպանության նախարարի, Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության հանձնաժողովի նախագահի, նաև տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Կլիմայի փոփոխության մասին խոսելիս՝ առաջին հայացքից կթվա, թե այս թեմայի հետ ինչ առնչություն ունի սեռը։ Բայց երբ ավելի ուշադիր ենք վերլուծում՝ հասկանում ենք, որ այստեղ կարող է լինել, օրինակ՝ կանանց վերարտադրողական առողջության խնդիրները կամ հարցեր, որոնք կապված են նորածիններ, մանկահասակ երեխաներ ունեցող կանանց առողջության հետ։ Դրանք կարող են պահանջել բոլորովին այլ բնույթի արձագանքի անհրաժեշտություն, այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք մեզ շրջապատող իրականությունը դիտարկել մեր ունեցած դիրքերից։ Ի դեպ, այս հարցերը նույնաբնույթ են բոլոր երկրներում, և տեղի ունեցած քննարկումներն էլ ցույց տվեցին, որ դրանց նկատմամբ մեր արձագանքն էլ պետք է լինի ընդհանուր»,-պարզաբանել է նախարարի տեղակալը։
Այցի ընթացքում Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել նաև «ՄԱԿ կանայք» կազմակերպության փոխնախագահ Օսա Ռեգների հետ, ում հետ քննարկվել է «Հայաստանի կանանց կարգավիճակի կոմիտեի» համանախագահության հետ կապված հարցերն ու անելիքները։ Նախարարի տեղակալի գնահատմամբ, բավականին հավակնոտ ծրագրեր կան Հայաստանում տարածաշրջանային հանդիպում կազմակերպելու տեսանկյունից, ինչպես նաև երկրի տեխնոլոգիական զարգացման մեծ տեմպերն ու կանանց ներգրավվածությունն օգտագործելով՝ ծրագրվել է իրականացնել ոչ միայն դեմառդեմ հանդիպումներ, այլև առցանց քննարկումներ՝ վիրտուալ տարածքում։
«Քննարկեցինք այն հնարավորությունները, որոնք առկա են Հայաստանի կողմից գործընթացն առաջնորդելու տեսանկյունից՝ հաշվի առնելով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փոխհարաբերությունների ընթացքն ու ձևաչափը մեր երկրում։ Այստեղ Հայաստանի փորձառությունը կարող է բավական օգտակար և ուսանելի լինել այլ երկրների համար։ Հետաքրքրված ենք նաև կանանց խաղաղության և անվտանգության օրակարգն առաջ տանելու հարցում՝ շեշտելով կանանց դերը խաղաղության հաստատման գործընթացում։ Հուսամ, որ քննարկումների արդյունքում առաջիկայում կունենանք շատ ավելի տեսանելի արդյունքներ, որոնք թույլ կտան իրապես հաստատել կանանց դերը մեր կյանքում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը «ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի կոմիտեի» համանախագահն է, 64-րդ և 65-րդ նստաշրջանների համար շատ կարևոր է Հայաստանի տեսանելիությունը և ակտիվ դերակատարությունն այս ամբողջ գործընթացում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Համաժողովի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության պատկերը, խնդիրները, ոլորտում կանանց ընդգրկվածության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Օլգա Ազատյանը նաև բարձրաձայնել է Հայաստանում աշխատաշուկայի մատչելիության խնդիրների, նաև կանանց ներգրավվածության խոչընդոտների մասին։
«Այս խնդիրների նվազեցման կամ վերացման նպատակով աշխատում ենք երկու ուղղությամբ․ առաջինը՝ գենդերային ռազմավարությունն է, երկրորդը՝ կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմը, որը պետական կենտրոնական մարմին է և համակարգելու է գենդերային հարցերը»,- նշել է նախարարի խորհրդականը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀՆ պաշտոնական կայքից։