fbpx
Ժամանց

Հայաստանում սկսել է գործել ԱՊՀ տարածքում թրայլ մոտոսպորտի միակ կենտրոնը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մոտոսպորտի սիրահարներն այսուհետ Երևանում կգտնեն ընտանեկան և թիմային ժամանցի յուրօրինակ նոր ակումբ, որն իր տեսակով առաջին է տարածաշրջանում:

Moto Rangers մարզչաժամանցային կենտրոնը ԱՊՀ տարածքում թրայլ մոտոսպորտի միակ կենտրոնն է: «Նաիրի» մարզադաշտի տարածքում տեղակայված ակումբում տարվա բոլոր եղանակների համար 5-55 տարեկան այցելուներին սպասում են անվտանգ միջավայրով էլեկտրական թրայլ մոտոցիկլետները: Այնտեղ կարելի է հաղթահարել արգելքներ՝ անվտանգությունն ապահովող մարզական հանդերձանքով:

«Թրայլ մոտոսպորտը կարող է գրավել այս տեսակ տուրիզմով հետաքրքրվողներին և նրանց բերել Հայաստան: Մեր երկիր այցելող երիտասարդ տարիքի տուրիստները պակաս ունեն նմանատիպ ժամանցի վայրերի: Ուրբանսպորտի մշակույթը մեր երկրում դեռևս շատ աճելու տեղ ունի», – շեշտեց Motorangers ակումբի հիմնադիր Կարեն Բաղդասարյանը: Նրա խոսքով` նմանատիպ ենթակառուցվածքները մեծ ներդրումներ չեն պահանջում:

Թրայլ մարզաձևի առաջնություններն անց են կացվում միջազգային տարբեր հարթակներում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ճապոնիայում, սակայն այն դեռևս պատշաճ տարածում չեն գտել հետխորհրդային երկրներում: Այն փաստացի ներկայումս այս ծրագրի շրջանակներում միայն ներկայացված է Հայաստանում, ու դրա տարածումը ողջ երկրում լրացուցիչ խթան է հանդիսանալու՝ տուրիզմի ներգրավման տեսակետից էական մրցակցային առավելություններ տալով Երևանին և մարզերին՝ տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ:

Նորաստեղծ ակումբի հովանավորն է Նորարարական նախաձեռնությունների խթանման կենտրոնը, որը մտադիր է զարգացնել այս սպորտաձևը Հայաստանում: 2019թ. հոկտեմբեր-նոյեմբերին Երևանի թաղապետարանների հետ այս մարզաձևի համար համապատասխան հարթակների ստեղծման ծրագրեր կմշակվեն և կներդրվեն:

Երևանի տարբեր դպրոցներում ցուցադրական միջոցառումներ կանցկացվեն և դպրոցների համար ուսումնամարզական փաթեթներ կմշակվեն, ինչպես նաև 2020-2021թթ. Երևանի օրինակով նշված մոդելը կկիրառվի ՀՀ տարբեր մարզերում:

Կենտրոնն արդեն սկսել է համագործակցել Երևանի տարբեր միջնակարգ ու ավագ դպրոցների հետ՝ տրամադրելով արտոնություններ լավ սովորող և կարգապահ դպրոցականներին:

Թրայլ մարզաձևը, որ թարգմանաբար նշանակում է փորձել, մոտոցիկլետային սպորտում յուրահատուկ տեղ է զբաղեցնում՝ մարզիկների մոտ զարգացնելով մարմնի բալանսի, ռեակցիայի, ֆիզիկական պատրաստվածության, կամքի ամրապնդման, նպատակասլացության, ինչպես նաև երկականի մարզասարքով բնական ու արհեստական արգելքների հաղթահարման, արագության, թռիչքների ու արգելակման կառավարման հմտությունների զարգացման տեսանկյունից: Այս մարզաձևի շնորհիվ մարզիկները ի վիճակի են կատարելությամբ տիրապետել երկականի բոլոր տեսակի մարզաձևերին՝ հեծանիվ, սկուտեր, մոտոցիկլետ և այլն:

Moto Rangers ակումբը գործում է շաբաթական ամեն օր:

Գրում է «Արմենպրես»-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ