Այս տարի Հայաստանն արդեն 3-րդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»)։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
- Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել
- ԱԺ ընդդիմությունը Ալեն Սիմոնյանի լիազորությունները վիճարկող հայցով դիմել են ՍԴ
«Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Այդ տարի միջոցառումն առաջին անգամ անցկացվեց Շամոնիից դուրս և ստացավ «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը:
Արդեն ավանդական դարձած «Մտքերի հայկական գագաթնաժողովն» այսօր հայկական յուրօրինակ բրենդ է դարձել: Դրա կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:
«Մտքերի գագաթնաժողովը» համախմբում է աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:
Նպատակ ունենալով ընդլայնել գագաթնաժողովի աշխարհագրությունը և բացահայտել նոր գաղափարներ ու հնարավորություններ՝ «Մտքերի գագաթնաժողով»-ն այս տարի կանցկացվի մի քանի երկրներում:
2021թ. սեպտեմբերին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կքննարկվեն համաշխարհային հիմնական մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիա, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հավանական ազդեցությունը ներդրումային ու բիզնես որոշումների վրա:
Հոկտեմբերին գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում, իսկ նոյեմբերին՝ Կանադայում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի գագաթնաժողովը տեղի կունենա նաև Միացյալ Նահանգներում:
Առաջին «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը («Armenian Summit of Minds»), որն անցկացվեց 2019-ին Դիլիջանում, բավականին դրական արձագանքներ ունեցավ: Մասնակիցների թվում էին անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական ու պետական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից:
Երկրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը 2020 թվականին հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով անցկացվեց հեռավար: Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձան Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
2021թ. հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում նախատեսված է երրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը: Այն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարվա հիմնական թեմաները վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ:
Գագաթնաժողովի մասնակիցների հետ վերջերս կայացած առցանց հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանի ունեցած ամենակարևոր ռեսուրսը մարդն է: Ես նրանցից մեկն եմ, ովքեր հավատում են, որ մարդկային ռեսուրսները շատ ավելի հարուստ, կարևոր ու հզոր բնական պաշարներ են, քանի որ դա է ապագան, դա է 21-րդ դարը»:
Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցերը մասնավորապես կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը, հնարավոր ներդրումների ներգրավմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից», – ասված է նախագահականի հայտարարության մեջ: