Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց երկու որոշում, որով կառավարությունը պահուստային ֆոնդից պետք է գումար տրամադրի արդարադատության նախարարությանը՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված գործերի փոխհատուցման համար։
Առաջին գործը «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործն է (թիվ 46245/08 գանգատ): Որոշման նախագծում նշվում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4500 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Այս գործը 2008 թվականի Մարտի 1-2-ի դեպքերին է առնչվում։
Ըստ գործի նկարագարության՝ դիմումատուն 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ցույցերի ժամանակ եղել է Ազատության հրապարակում, ձերբակալվել է և ավելի ուշ դատապարտվել Քրեական օրենսգրքի (ՔՕ) 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։
Հաջորդը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործն է (թիվ 18419/13 գանգատ): Ըստ որոշման նախագծի՝ 2018 թվականի հուլիսի 19-ի ՄԻԵԴ-ի վճռի պահանջները կատարելու նպատակով պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը 2018 թվականի չորրորդ եռամսյակում կհատկացվի 3000 եվրոյին համարժեք դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Գործի նկարագրության մեջ նշվում է, որ դիմումատուն Հայաստանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալն է։ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին Երևան քաղաքի դատախազությունը որոշել է քրեական գործով վարույթ հարուցել դիմուտուի նկատմամբ՝ վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։
Ըստ դատապարտյալի՝ դիմումատուն և քրեակատարողական հիմնարկի երկու այլ ծառայողներ իրեն ծեծել են ռետինե մահակներով։