fbpx
Հասարակություն

Հայաստանը առաջատարն է ԱՊՀ-ում համացանցի ազատության մակարդակով․ Freedom House

Հայաստանը ԱՊՀ-ում առաջին տեղն է գրավում համացանցի ազատության մակարդակով: Հանրահայտ Freedom House-ի զեկույցի համաձայն, լինելով ազատ Ինտերնետ ունեցող երկիր, Հայաստանը համացանցի ազատության աստիճանով զգալի առաջ է անցել ոչ միայն հարևան Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից և Իրանից, այլև ԱՊՀ բոլոր անդամ երկրներից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Իսլանդիայի և Էստոնիայի կողքին, որոնք լավագույնն են, գտնվում են նաև Վրաստանն ու Հայաստանը»,-նշում է Freedom House-ի ներկայացուցիչը:

Ազատ երկրների թվում են նաև Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան: Ընդհանուր թվով՝ 17 երկիր: Freedom House-ի փորձագետ Ադրիան Շահբազի խոսքով, Եվրասիայի տարածքում ազատ համացանց ունեցող երկրները երկուսն են՝ Հայաստանը և Վրաստանը: Չնայած, որ երկուսն էլ համացանցի ազատության ոլորտում չնչին անկում են արձանագրել, միևնույն է, մնացել են ազատ Ինտերնետ ունեցող երկրներ: Այսպես, ի տարբերություն Եվրասիայի բոլոր այլ երկրների, Հայաստանում և Վրաստանում չկան Ինտերնետում քննարկման համար արգելված հասարակական և քաղաքական թեմաներ:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ուզբեկստանում արգելվում է համացանցում քննադատել իշխանությունները, իսկ Թուրքիայում և Ադրբեջանում արգելվում է նաև ծաղրել իշխանություններին, մինչդեռ Ռուսաստանում և Ուկրաինայում գրանցվել են առցանց խաղաղ բնույթի գրառումների համար ձերբակալությունների դեպքեր:

«Ուկրաինայում մենք ականատեսը եղանք ձերբակալությունների և ազատազրկումների՝ քաղաքական դիրքորոշումն առցանց խաղաղ արտահայտելու համար: Մարդիկ ազատազրկվել էին ծայրահեղականության մեղադրանքով: Նույնը տեղի էր ունեցել Ռուսաստանում, որտեղ օրենքով նախատեսված առավելագույն ազատազրկումներ են գրանցվում խաղաղ քաղաքական դիրքորոշման արտահայտման համար», – նշել է Շահբազին:

Վատագույն իրավիճակն է գրանցվել Չինաստանում և Իրանում, այս երկրների իշխանությունները Freedom House-ի փորձագետների խոսքով, փորձում են իրենց երկրների տարածքում համացանցի վրա լիարժեք հսկողություն հաստատել: Միևնույն ժամանակ, Շահբազին ընդգծել է, որ փորձագետները գիտակցում են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը, այդ թվում և առցանց.

«Միջազգային հանրությանը անհրաժեշտ է մշակել դրա դեմն առնելու դրական միջոցներ, քանի որ աշխարհով մեկ ընդունվող հակաահաբեկչական օրենքները չափազանց ծայրահեղ մոտեցում են որդեգրում: Այսպես, առցանց ահաբեկչության քրեականացման հետ մեկտեղ մենք տեսնում ենք, ինչպես է քրեականացվում նաև խաղաղ կարծիքի արտահայտումը»,-նշում է փորձագետը:

Օրինակ, Թաիլանդում քաղաքացին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում թագավորական ընտանիքին քննադատելու համար, իսկ Չինաստանում համալսարանի դասախոսը դատապարտվել է ցմահ ազատազրկման կառավարության քաղաքականությունը հարցականի տակ դնելու համար: Իրանում երիտասարդ ծաղրանկարիչը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Ֆեյսբուքում օրենսդիրներին կենդանիների տեսքով պատկերելու համար:

Ինտերնետից օգտվող մարդկանց երկու երրորդը ապրում է համացանցում իշխանությունների քննադատման սահմանափակ պայմաններում։ Այդ պայմաններում, ըստ փորձագետի, առավել մեծ հույս են ներշնչում Հայաստանի և Վրաստանի նման երկրները, որոնց հաջողվում է մնալ ազատ համացանց ունեցող երկրների շարքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ