Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Հայաստանը Վրաստանից սովորելու բան ունի՝ հաշվի առնելով այն փորձը, որը մեր բարեկամական երկիրը կուտակել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում կա մեր դատարանների որոշումների գնահատական, և կա այդ գնահատականներում նշված սխալները կրկնելու խնդիրը»,- նշեց նա:
Նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարության համար մարդու իրավունքը առաջնահերթ ուղղություն է և բացառիկ արժեք, դրա հետ մեկտեղ Հայաստանի իշխանությունները կամք են դրսևորում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:
«Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ որքան էլ խիստ պայքար մղվի, անհրաժեշտ է բացառել մարդու իրավունքների խախտումը, դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է խիստ պայքար մղել կազմակերպված հանցավորության դեմ, և համանման կազմակերպությունների մեջ ներքաշված մարդիկ պետք է զրկված լինեն հանրության շրջանում իրենց ազդեցությունը տարածելու հնարավորությունից»,-եզրափակեց նա:
Նշենք, որ Երևանում ընթանում է հայ-վրացական իրավաբանական 3-րդ համաժողովը: