Այօսր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի և Ղարաբաղի:
Ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով: Ցուցարարները «Կանգնեցրեք Ալիևին», «Խաղաղություն Ղարաբաղի համար», «Դադարեցրեք Ադրբեջանի ագրեսիան» գրություններով պաստառներ են ունեցել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանձնվել է նամակ, որում ներկայացվել է իրավիճակը Ղարաբաղում, ինչպես նաև պահանջներ են ներկայացվել Գերմանիայի կառավարությանը:
«Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջում ենք՝ 1. Միանշանակ դատապարտել Ադրբեջանի հարձակումը և նրա կողմից մարդու իրավունքների ոտնահարումը, 2. ազդել թուրքական կառավարության վրա՝ այս երկրի իշխանություններին իրենց քաղաքականության համար զսպելու նպատակով, 3. կոչ անել ադրբեջանական կողմին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ ի շահ մարդկանց և ամբողջ տարածաշրջանի»,- գրված է եղել նամակում։