ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանը խոսել է Հայկ Հարությունյանի մահվան շուրջ շրջանառվող վարկածների մասին:
Անդրադառնալով ինքնասպանության վարկածին՝ Ջհանգիրյանը նշել է, որ երևի դեպքի վայրի զննությամբ եւ այլ անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողությունների կատարմամբ առավել շատ հավանական է դիտարկվել ինքնասպանությունը, դրա համար էլ ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրգործ հարուցվել:
«Բայց, կարծում եմ, քննությունը առջևում է, գուցե այլ վարկածներ առաջ քաշելու հիմքեր առաջանան, այլ վարկածներով քննություն կատարվի: Քանի որ տեղյակ չեմ դեպքի մանրամասներից, դեպքի վայրից, դրա համար չեմ կարող կոնկրետ որևէ գնահատական տալ: Քննություն է կատարվում, հուսանք և հավատանք, որ Քննչական կոմիտեն մեր հասարակության մեջ առկա բոլոր կասկածները կփարատի իր քննությամբ»,-հավելեց նա։
Ջհանգիրյանի խոսքով՝ Հայկ Հարությունյանը ոչ միայն կարևորագույն ինֆորմացիաների կրող է եղել, այլ նաև կարևորագույն դերակատար է եղել Մարտի 1-ի իրադարձություններում, հետմարտյան իրադարձություններում, մինչև Մարտի 1-ը:
«1997 թվականի աշնանից սկսած, Էդ ամբողջ քաղաքական հետապնդումների առաջնային դիրքերում եղել են ներքին գործերի ստորաբաժանումները, ներքին գործերի աշխատակիցները. բնականաբար այդ ամեն ինչը կոորդինացրել է նախարարը: Այնպես որ, նա ոչ միայն կարևորագույն ինֆորմացիայի կրող էր, այլ նաև, իմ կարծիքով, իշխանության բռնի զավթման, սահմանադրական կարգի տապալման հանգուցային անձանցից մեկը, պատասխանատուներից մեկը, որը վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության: Եվ հիմա, ես գուշակություններ անել չեմ կարող, և չեմ սիրում գուշակություններ անել, բայց որևէ բան բացառել հնարավոր չէ, առավել ևս որ նախաքննություն է տեղի ունենում և ամեն մի կասկած չի կարելի բարձրաձայնել: Հնարավորություն տանք նախաքննական մարմնին՝ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն կատարել և պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-նշեց Ջհանգիրյանը։
Նա հստակ չկարողացավ ասել՝ արդյոք Հայկ Հարությունյանն է ղեկավարել Մարտի 1-ին Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելու օպերացիան, սակայն նշեց, որ Ազատության հրապարակի ցրման կամ ջարդի օպերացիան կատարվել է Հանրապետության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի որոշմամբ:
«Թե ովքեր են այնտեղ ղեկավար եղել…Կարծում եմ Հայկ Հարությունյանը անձամբ չի ղեկավարել, բայց նրա տեղակալներն են եղել հրապարակում, Քոչարյանի անվտանգության պետն է եղել հրապարակում, որը կարծես թե բոլորի հրամանատարն է նշանակված եղել եթե ոչ օրինական հիմքերով, ապա ապօրինի»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես կարող էր ազդել Հարությունյանի վրա այն, որ ՀՔԾ-ում քննվում է նաև Մարտի 1-ին ոստիկանների գործողությունների դրվագը, Ջհանգիրյանը հիշեցրեց, որ ինքն արդեն ասել է ր նա վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության որպես 300.1 հոդվածով օժանդակող:
«Որովհետև այն 4 անձինք, ովքեր այսօր մեղադրվում են այդ հոդվածով, հո նրանք միայնակ չե՞ն իրականացրել այդ ամբողջ սահմանադրական կարգի տապալումը, տապալումից հետո բռնությամբ զավթված իշխանության պահելը, հարյուրավոր քաղբանտարկյալներին բերդեր լցնելը, 200-ից ավելի անձանց կալանավորելը, ահաբեկելը, և այլն, և այլն»,-հավելեց Գագիկ Ջհանգիրյանը։:
Առավել մանրամասն՝ Armtimes.com