Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մենդոնսա Սանկտոսին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև հարաբերությունները հարուստ պատմություն և հագեցած օրակարգ ունեն: Հայկ Մարությանը վստահություն է հայտնել, որ Երևանում Բրազիլիայի դեսպանության հետ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի խորացնել կապերը երկու երկրների քաղաքների միջև:
Իր հերթին դեսպան Սանկտոսը նշել է, որ հայկական ակտիվ համայնքի առկայությունը Բրազիլիայում, հատկապես՝ Սան Պաոլո և Ռիո դե Ժանեյրո քաղաքներում, համագործակցության լայն դաշտ է բացում մասնավորապես մշակույթի, գիտության, բիզնեսի ոլորտներում:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ Երևանում Բրազիլիայի դեսպանության նոր շենքի կառուցման, Բրազիլիայի հրապարակի բարեկարգման և զարգացման, մայրաքաղաքում բրազիլական երաժշտության փառատոնի անցկացման և մի շարք այլ հարցերում: