Պաշտոնական այցով Արցախի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի գործընկերոջ ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի»:
Հանգստի գոտին կառուցվել է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով նախագծված այգին հանգստի սիրված վայր է դարձել ստեփանակերտցիների ու քաղաքի հյուրերի համար:
Քաղաքապետ Մարությանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է նաև Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցի: