Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը պատասխանել է Armenpress-ի հարցին՝ կապված Բայրամովի վերջին հայտարարության հետ՝ սահմանագծման և սահմանազատման մասով։
- Նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան. Արարատ Միրզոյան
- Ի՞նչ միջոցառումների փաթեթ է փոխանցվել Ադրբեջանին․ պարզաբանել է Միրզոյանը
«Հարց. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և սահմանազատման գործընթացի հետ կապված Հայաստանի Հանրապետության առաջարկներին, հայտարարել է, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները՝ սահմանազատումը սկսելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
Պատասխան. Կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա: Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի: Խոսքը պայմանավորվածությունների մասին է:
Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են:
Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների», – ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: