Հայկական մշակույթը հարկավոր է պահպանել
Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգ կենսունակության պահպանման և սեփականմշակույթի զարգացման ձևով:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Դարեր շարունակ յուրաքանչյուր երկրի պետականությունն և անկախությունն ամուր պահող հենասյունը եղել է , կա և կլինի ազգային մշակույթը:
Ժամանակակից գիտության և տեղեկատվության վրա հիմնված հասարակության մեջ մշակույթի դերն առավել քան նշանակալից է: Մշակույթը, ի թիվս հասարակական զարգացման այլ գործոնների, ձևավորում է այն միջավայրը, որը հնարավոր է դարձնում մարդկանց խաղաղ համակեցությունը, նպաստում տնտեսական գործունեության բարձրացմանը, հասարակության հիմքում ընկած արժեքների շարունակական կատարելագործմանը։

Հայաստանի Հանրապետությունը ընտրել է գիտելիքի և տեղեկատվության վրա հիմնված, հոգևոր հարուստ նկարագրով հասարակության կերտման ուղին։ Հայկական մշակույթը, սկզբնավորվելով և ձևավորվելով արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկում՝ Հայկական լեռնաշխարհում, միաժամանակ իր ինքնատիպությամբ հետաքրքիր է ինչպես արևմտաեվրոպական լսարանի, այնպես էլ աշխարհի մյուս ժողովուրդների համար։ Հայկական մշակույթը «Հայաստան» և «հայ» հասկացությունների անքակտելի մասն է: Հայերն աշխարհում հիմնականում ճանաչված են մշակութային խարիզմատիկ գործիչների շնորհիվ (Շառլ Ազնավուր, Արամ Խաչատրյան, Արշիլ Գորկի, Վիլյամ Սարոյան, Գառզու, Սերժ Թանկյան և այլք):

Թեև ներկայիս Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի միայն փոքր մասը, այնուամենայնիվ, չափազանց հարուստ է պատմաճարտարապետական և մշակութային հուշարձաններով: Մեկ շնչին ընկնող հուշարձանների թվով Հայաստանը գերազանցում է մշակութային հարուստ ժառանգությամբ հայտնի շատ ավելի մեծ պետությունների: Ընդ որում, Հայաստանում կուտակված մշակութային հուշարձանների մի ստվար զանգվածը համաշխարհային մշակույթի կարևոր կոթողներ են: Եվ այսօր մենք ունենք մշակույթի պաշտպանության կարիք։

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղում է գտնվում XII-XIII դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն այս պահին խոնարհված վիճակում է։ Երկու անգամ վերակառուցվել է 1833 և 1881 թթ.-ին։ Այն բազիլիկ ոճի կառույց է, որի խորանն անկրկնելի տեսք ունի, և հիմքեր կան ենթադրելու, որ կառուցված է հին հուշարձանների վրա։ Եկեղեցին հոգևոր կենտրոն լինելուց բացի հանդիսանում է նաև պատմամշակութային կարևոր ժառանգություն։

Այս պահին գտնվում է հնագիտական պեղումների գործընթացում։ «Լույս» գերմանահայկական նվագախումբը և «Զարթոնք» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը, խորապես մտահոգված լինելով եկեղեցու «բովանդակային նահանջի» խնդրով, ինչպես նաև զգալով տեղի բնակչության հավատավոր հիմքերի աստիճանական խարխլման վտանգը, նախաձեռնել են վերակառուցել խոնարհված եկեղեցին, սակայն գոյացած միջոցները չեն բավականացնում Սուրբ Աստվածածին եկեղեցու ամբողջական վերակառուցման գործընթացը ավարտին հասցնելու համար։

«Զարթոնք» ՀԶՀԿ-ն հայտարարում է հանգանակություն՝ արդեն սկսած նվիրական գործը ավարտին հասցնելու նպատակով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
Եկեղեցին ունենալու է թանգարանային անկյուն, որտեղ կտեղադրվի նաև եկեղեցուն հանգանակած անձանց անուն -ազգանունը ներկայացնող գրքույկ:
Այն անձինք, ովքեր իրենց ներդրումը կունենան եկեղեցու կառուցման գործում, անկախ նվիրաբերած գումարի չափից, կապ հաստատեն «Զարթոնք» ՀԶՀԿ-ի հետ և հայտնեն իրենց անձնական տվյալները, ցանկության դեպքում ուղարկեն նաև որևէ ստեղծագործություն կամ երկտող – մաղթանք, որը նույնպես կտեղադրվի նախատեսված գրքույկում:
Կապի միջոցներ՝
Հեռ.՝ +37498052022
Էլ. փոստ՝ Zartonq.ngo@mail.ru
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն վարչական համայնք, 1փ., 18 շ.
Փոստային ինդեկս՝ 0302
Հաշվեհամար՝ 2474203225850000 AMD
2474203225850030 EUR
2474203225850020 RUR
2474203225950010 USD

