Երևանում պաշտոնապես ներկայացվել է PayX հայկական ֆինտեխ ստարտափը, որի նորարարական լուծումները հնարավորություն կընձեռեն մոբայլ հեռախոսներով կատարել արագ ու անվտանգ անկանխիկ վճարումներ՝ մեկ հպումով։ Հայտնում է itel.am-ը։
Դեկտեմբերի 4-ի երեկոյան կայացած շնորհանդեսին մասնակցել են VISA International-ի, ՀՀ Կենտրոնական բանկի, ArCa վճարային համակարգի, ինչպես նաև հայաստանյան տարբեր բանկերի եւ խոշոր ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները։
PayX ընկերությունը ստեղծում է մոբայլ հեռախոսներով վճարումներ կատարելու համար միասնական ենթակառուցվածք, որում հնարավոր է կատարել վճարումներ QR կոդերի ընթերցման միջոցով։ Վճարումները հնարավոր է կատարել PayX հավելվածով, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների եւ բանկերի մոբայլ հավելվածներով։
Ընկերության համահիմնադիր Սմբատ Նասիբյանի խոսքով՝ PayX-ի հիմնական առավելությունն այն է, որ ոչ թե QR վճարումների լոկալ միավոր է ստեղծում, այլ բոլորին համագործակցելու հնարավորություն է ընձեռում:
«Մենք բոլոր կառույցներին տալիս ենք լրացուցիչ անվճար ծառայություն, որպեսզի նրանք կարողանան թույլ տալ հաճախորդներին իրենց հավելվածներում օգտվել մյուս մասնակիցների ընձեռած հնարավորություններից»,- ասել է նա:
Սմբատ Նասիբյանը հույս է հայտնել, որ PayX-ը կզարգանա եւ հնարավորություն կտա, որ այլ երկրների քարտերը եւս կարողանան կցվել եւ սպասարկվել առևտրային կետերում:
«Մենք տեղական ֆինտեխ ստարտափ ենք, եւ մեր բոլոր նախաձեռնություններն իրականացնում ենք ինքնուրույն, մեր սեփական ուժերով: Ծրագրավորումն ու կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարել է մեր թիմը: Համագործակցել ենք ArCa ընկերության եւ Visa Internaitonal-ի հետ»,- հավելել է PayX-ի համահիմնադիր Բենիամին Թադևոսյանը։
Ընկերությունն արդեն համագործակցում է հայաստանյան 6 բանկերի՝ Evocabank, Արարատբանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկ, Յունիբանկ, Ամերիաբանկ, Արդշինբանկ, ինչպես նաեւ 3 վճարային համակարգերի հետ՝ ՄոբիԴրամ, Easy Pay եւ «Արմենիան Քարդ»:
PayX հավելվածում առկա է նաև ակումբային եւ զեղչային քարտերի «թվայնացման» հնարավորություն, որի շնորհիվ օգտատերն ազատվում է դրամապանակն ամենուր իր հետ կրելու անհրաժեշտությունից։
Առաջիկայում PayX հավելվածում հնարավոր կլինի իրականացնել քարտից քարտ փոխանցումներ, վարկերի մարումներ և կոմունալ վճարումներ։
Ընկերությունը հայաստանյան շուկային է առաջարկում նաև MerchantX հավելվածը, որը նախատեսված է խանութների, ռեստորանների եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար և կարող է օգտագործվել անկանխիկ վճարումներն ինչպես տեղում, այնպես էլ հեռահար ընդունելու համար։
Նախագիծն իրականացվում է VISA International-ի աջակցությամբ։