Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի ևս հինգ տարածք ներառվել են մշակութային տարածքների ցանկում։ Այդ տարածքներն են Մեղրի քաղաքը (նախկին անվանումը՝ Արևիք գավառ), Արագածոտնի մարզի Աշնակ գյուղը, Գորիս քաղաքը, Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղը եւ Արարատի մարզի Վերին Դվին գյուղը:
Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի նպատակը մշակութային տարածքների առկա ցանկի թարմացումն ու համալրումն է, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետի պահանջով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում գրանցելու նպատակով ներկայացվող ՀՀ հայտերում ներառվող տեղեկատվությունը թարմացնելու, ցանկերը նոր տարրերով համալրելու անհրաժեշտությամբ:
2012 թվականի մարտի 1-ին հաստատվել է «Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները և մշակութային տարածքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 241-Ն որոշումը:
Ներկայում անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության մշակութային տարածքների կենսունակության և տարածվածության հետ կապված մշակութային տարածքների ցանկերի թարմացումը, որն իրականացվում է ցանկը համալրելու միջոցով։