Ժամանց

Հայտարարվել է Ագաթա Քրիստիի վեպի նոր էկրանավորման մասին

20th Century Studios-ը հայտարարել է Ագաթա Քրիստիի դետեկտիվ ստեղծագործության երրորդ էկրանավորման մասին, որը կոչվում է «Ուրվականները Վենետիկում» (Haunting in Venice), էկրան կբարձրանա 2023 թվականի աշնանը։

Ֆիլմը հիմնված կլինի գրողի համեմատաբար ավելի քիչ հայտնի «Խնջույք Հելոուինի ժամանակ» վեպի վրա, որը գրվել է 1968 թվականին: Գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Վենետիկում. Պուարոն հետաքննում է առեղծվածային սպանությունը, որը տեղի է ունեցել առանձնատանը:

Ֆիլմը կնկարահանի և դրանում կխաղա օսկարակիր Քենեթ Բրանան: Ֆիլմում կխաղան նաև Միշել Յոն, Ջեյմի Դորնան, Թինա Ֆեյը, Քելլի Ռեյլին, Կամիլ Քոթեն և այլոք:

«Ուրվականները Վենետիկում»-ի նկարահանումները կսկսվեն նոյեմբերին Լոնդոնում և Վենետիկում:

Բրանայի գլխավոր դերակատարմամբ նախորդ էկրանավորումը՝ հիմնված Ագաթա Քրիստիի «Մահը Նեղոսի վրա» ստեղծագործության վրա թողարկվել է 2022 թվականի փետրվարին: Այն տոմսարկղերում հաջողություն չի գրանցել եւ արժանացել է քննադատների վատ արձագանքներին: Նախագիծը վերջինն էր Արմի Համերի համար, ով մեղադրվել է մի շարք սեռական ոտնձգությունների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ