Օրերս Երևանի «Ապավեն տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունների աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Ֆասթ ընդ սեյֆ» ՍՊ ընկերության միջոցով Ի. Մ.-ի անունից 4 քաղաքացու անունով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները: Զննման արդյունքում ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիներից մեկում առկա փաթեթներից հայտնաբերվել է շուրջ 650 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Միջազգային սուրհանդակային մյուս առաքանիի փաթեթներից հայտնաբերվել է 1562 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Մեկ այլ քաղաքացու անվամբ Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիից հայտնաբերվել է շուրջ 1050 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց, իսկ մյուս միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է 334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նույն օրը որոշում է կայացվել անցկացնել մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:
Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում որոշվել է կազմակերպել ՀՀ ներմուծված հիշյալ միջազգային սուրհանդակային առաքանիների առաքումը և հանձնումը՝ փոխարինված զանգվածներով:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և օպերատիվ-տեսչական բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի տարբեր հատվածներից, ինչպես նաև Արարատի մարզի Գեղանիստ համայնքից առաքանիներն ստանալուց հետո, անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ 4 քաղաքացի:
Միաժամանակ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հիշյալ առաքանիները քաղաքացիներն ստանալուց հետո պետք է փոխանցեին մեկ այլ անձի։
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առաքանիները ՀՀ ուղարկող Ի․ Մ․-ն կրկին Միացյալ Նահանգներից ՀՀ է ուղարկել առաքանիների ևս մեկ խմբաքանակ, որոնցում հնարավոր է կրկին առկա լինեն թմրամիջոցներ։ Իրականացված հսկողության ընթացքում մաքսային հսկողության է ենթարկվել ուղարկված ևս 7 առաքանի: Արդյունքում, առաքանիներում ևս հայտնաբերվել է ընդհանուր շուրջ 3 կիլոգրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Ձերբակալված անձինք և հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: