Դատաբժշկական փորձագետները հայտնել են ռուս ճանաչված ռեպեր Դեցլի մահվան նախնական պատճառը: Գրում է Известия-ն: Լրատվամիջոցը հաղորդում է, որ վերցվել են բոլոր անհրաժեշտ անալիզները դա բացահայտելու համար:
Վերջնական արդյունքներ չեն հրապարակվել: Նախնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրն է, սակայն նշվում է, որ միևնույն ժամանակ արտահայտված ոչինչ չի նկատվել: Նաև պարզ է դարձել, որ 35-ամյա երգիչն ինֆարկտ կամ ուղեղի արյան զեղում չի ունեցել, հետևաբար չի բացառվում, որ սրտի աշխատանքի վրա ազդել է կողմնակի նյութերի առկայությունը:
Ռեպերի մահվան մասին հայտնի է դարձել երեկ՝ փետրվարի 3-ի առավոտյան: Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նրա հայրը՝ Ալեքսանդր Տալմացկին, որի հետ երգիչը մի քանի տարի կոնֆլիկտի մեջ է եղել ու, ըստ խոսակցությունների, նաև չի շփվել:
«Դեցլն այլևս չկա»,- գրել է հայրը:
Մահացել է նա գիշերը: Հերթական ելույթից հետո հանդերձարանում իրեն վատ է զգացել, շտապօգնություն են կանչել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Բժիշկներն ասել են, որ մահացել է սրտի կանգից:
Նրա ընտանիքին ցավակցություններ են հայտնել ընկերները, կոլեգաները, երկրպագուները: Նրանք նշել է, որ մի ամբողջ սերունդ է մեծացել Դեցլի երգերը լսելով: Ընկերներն ու մտերիմներն ընգծել են, որ նա բարձր տրամադրություն է ունեցել, սթափ է եղել ու բացառել են, որ կարող էր արգելված նյութեր օգտագործած լինել:
Դեցլի իսկական անունը Կիրիլ Տալմացկի է: Ծնվել է 1983 թ. հուլիսի 22-ին: Կարիերայի սկզբում հանդես է եկել «Bad B. Альянс» խմբում: 2000-ականների սկզբին փառքի է հասել «Кто? ты» ալբոմով, որը թողարկվել է ավելի քան 1 մլն օրինակով: Նրա ամենահայտնի հիթերից են «Слезы», «Вечеринка», «Кровь моя, кровь» ստեղծագործությունները: Նա ուներ կին ու 13 տարեկան որդի:
Հայտնում է armtimes.com-ը։