Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին կհուղարկավորեն հունվարի 3-ին, հայտնում է «Սանթոսի» պաշտոնական կայքը։
Պելեի մարմինը կհուղարկավորեն Վիլա Բելմիրո մարզադաշտում՝ «Սանթոսի» պատմական հին մարզադաշտում։ Բրազիլական ակումբի կազմում Պելեն հանդես է եկել իր կարիերայի մեծ մասը։
Հունվարի 2-ին Պելեի մարմինը հիվանդանոցից, որտեղ նա մահացել է, կտեղափոխեն մարզադաշտ։ Խաղացողի հետ հրաժեշտի արարողությունը կսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին և կտևի ուղիղ մեկ օր: Արարողությունը բաց է լինելու հանրության համար, սակայն ներկա գտնվել ցանկացողներին կարգելվի մոտենալ դագաղին։
Դրանից հետո Սանթոսի փողոցներով երթ կանցկացվի։ Հուղարկավորության արարողությանը ներկա կլինեն միայն ֆուտբոլիստի ընտանիքն ու մտերիմները։
Հիշեցնենք, որ 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն։
Պելեն երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և ընկերներին։
Լեգենդար ֆուտբոլիստի մոտ հիվանդությունն ի հայտ էր եկել 2021 թվականին, ինչից հետո նա քիմիոթերապիայի կուրս էր անցել, բայց արդյունքում օրգանիզմը դադարել էր արձագանքել դրան։ Մեկ ամիս առաջ Պելեի ինքնազգացողությունը վատացել էր․ նոյեմբերի 29-ին նա հոսպիտալացվել էր թեստեր հանձնելու և բուժման կուրս անցնելու համար։
«Ֆուտբոլի արքան» պատմության միակ ֆուտբոլիստն էր, որը 3 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։
